Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

«Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է»:

Այս մասին Ազգային ժողովում իր խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման, այսինքն՝ մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար»,- ասել է նա ու հավելել, որ շուրջ 30 տարի կառուցվել է պետության մի մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ այս մասին չի խոսում որպես քննադատություն, այլ նշում է որպես իրողություն, որովհետև բոլորը մշտապես հաշտ են եղել այդ մոդելի ու նպատակադրման հետ:

«Ինքս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց կամաց-կամաց, քայլ-քայլ հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ նպատակը մեկնարկել է 2018 թվականին, եզրափակիչ փուլ է մտել 2020 թվականի սեպտեմբերին ու գագաթնակետին հասել 2021 թվականի մայիսին, այդ վերջնանպատակը գործակիցներ ունի Հայաստանում։

«Նրանք կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր, ոչ թե անկախությունն ու պետականությունը: Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է:

Այն եղել է ու լինելու է գործիք՝ Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար, մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունն ասում է, որ ՀՀ պետականությունը մի նպատակ ու իմաստ է ունեցել ու ունի՝ Ղարաբաղի շարժում, Ղարաբաղի հարց»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում