Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

«Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվե՞լ է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու:

Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սկզբունքայնություն և կամք ոչ միայն այս, այլ բոլոր գործերով եթե քննությամբ ձեռք բերվեն բավարար ապացույցներ, քննիչի կողմից միջնորդություն կներկայացվի դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու մասին:

«Սա է քրեական դատավարության ընթացակարգը, այս գործը մյուս գործերից չի տարբերվում: Մեր կառույցում որևէ մեկի նկատմամբ ընտրողական մոտեցում չի ցուցաբերվում»,- վստահեցրեց նա և հավաստիացրեց, որ իրեն որևէ մեկը երբեք չի զանգել, նման միջնորդություններ չեն եղել իշխանական որևէ մարմնից, և միգուցե դա իր անձի հետ է կապված:

Հարցին, թե եթե այդքան սկզբունքային է, լսումներից 15 օր անց ինչո՞ւ չի հարուցել վարույթ այն դեպքում, երբ անձամբ է ներկա եղել լսումներին, Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է լինի առիթ քրեական վարույթ հարուցելու համար: Այսինքն՝ պետք է լինի համապատասխան հաղորդում: Այս դեպքում մենք հաղորդում չէինք ստացել, և մեր սեփական նախաձենռությամբ էլ վարույթ չենք նախաձեռնել, որովհետև չենք գտել դրա առիթը: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Նորմալ եմ համարում, որ քննիչն ինքնուրույն որոշում է կայացրել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում