Վահագն Խաչատուրյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Վեհափառ Տեր,
Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ եւ ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական եւ միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։
Առանձնահատուկ արժեւորում եմ Ձեր հետեւողական ջանքերը՝ ուղղված հոգեւոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի եւ մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաեւ Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր եւ կարեւոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսեւորումները խթանելու, հարստացնելու եւ պաշտպանելու գործում։
Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն եւ արեւշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»,- ասվում է ուղերձում։
Կարծիքներ