Արաքսիա Սվաջյանը մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդման թեմայով քննարկմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Մելինդա Վոյվուդը ներկայացուցիչներ ՀՀ ՆԳ և ՏԿԵ նախարարություններից, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, «Վորլդ Վիժն Հայաստան» ընկերությունից և այլ կառույցներից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կարևորելով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» լայնածավալ ծրագիրը, անդրադարձել է հատկապես դպրոցների կարողությունների զարգացման բաղադրիչին:
«Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցներում դեռևս առկա են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ ռիսկի տակ գտնվող երեխաներ: Դպրոցներում դեռևս ականատես ենք լինում բռնության, բուլինգի դեպքերի: Ընդ որում` դպրոցների ղեկավարներն ու աշխատակիցները սկզբնական շրջանում հերքում և բացառում են իրենց դպրոցներում նմանօրինակ դեպքերի առկայությունը: Մյուս կարևոր բաղադրիչներն ընտանիքով պայմանավորված իրավիճակներն են, երբ երեխաները հայտնվում են կյանքի դժվարին փուլերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը պատրաստվել է ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում: Ուղեցույցի նպատակն է աջակցել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ տրամադրելով մասնագիտական նյութ, որը կօգնի նրանց հասկանալու, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, որոնք են դրա մասին վկայող նշանները, պատկերացում կազմելու երեխաների պաշտպանության համակարգի և այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով հայտնաբերել, արձագանքել և կանխարգելել երեխաների հանդեպ բռնության դրսևորումները:
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 31-ը հանրակրթական 45 ուսումնական հաստատություններում անցկացվել են նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնք ավելի քան 870 մասնակից են ունեցել, այդ թվում` ուսուցիչներ, մասնագետներ, ուսուցչի օգնականներ, վարչական աշխատողներ և համայնքային սոցիալական աշխատողներ:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում իրականացված մյուս գործողությունները՝ վերապատրաստումների անցկացումը և ուղեցույցի մշակումը, իրականացվել են հենց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի, կողմերի միջև համագործակցության ձևաչափի և մեխանիզմների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: «Այս տարի արդեն հունվարին իրականացրել ենք այդ աշխատանքները և ուղարկել ենք համապատասխան մարմիններին: Այս աշխատանքները իրականացվում են, որպեսզի երեխաներին կարողանանք ուսումնական հաստատություններ հետ բերել: Երեխային կրթության մեջ ընդգրկելու հարցում նախևառաջ պատասխանատու է ծնողը, ինչպես նաև ՏԻՄ-երը: Յուրաքանչյուր համայնք պետք է տիրապետի տեղեկատվությանը, թե իր համայնքում դպրոցահասակ երեխաներից քանիսն են դպրոց հաճախում, քանիսը չեն հաճախում կամ հաճախակի են բացակայում և ինչ պատճառով: Շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման աշխատանքները, մշակվել և հաստատվել է համապատասխան կարգը, որը լավարկվել և լրամշակվել է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ առանձնացվել է երեխաների երկու խումբ. երեխաներ, որոնք կրթությունից դուրս են մնացել, այսինքն՝ երբևիցե որևէ ուսումնական հաստատություն չեն հաճախել, գրանցված չեն եղել, բայց դպրոցահասակ են: Երկրորդ խմբի երեխաները պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ են. նրանք կանխարգելման գոտում գտնվող երեխաներն են, որոնց հետ անելիքները շատ են:
Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:
Նշենք՝ փետրվարի 1-ից գործարկվել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի են նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը:
Կարծիքներ