Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արամուս գյուղի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու փամփուշտներ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ևս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։

Մասնավորապես, Մասիսի բաժնում՝ գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Արարատի և Արտաշատի բաժիններում՝ ատրճանակների և փամփուշտների հանձնման դեպքեր են գրանցվել: Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Գավառում բնակվող մի տղամարդ մարզային վարչությունում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Լճաշեն գյուղի մի բնակիչ Սևանի բաժին էր բերել գործարանային արտադրության թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի և Վայքի բաժիններում։ Երկու դեպքում էլ քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, փամփշտատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ախուրյան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Մուսալեռում բնակվող մի կին կամավոր հանձնել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնու թմբուկավոր ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտներ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում