ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը, որը դատապարտում է հութիների հարձակումները նավերի վրա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը, որը պահանջում է անհապաղ դադարեցնել Կարմիր ծովում հութիների հարձակումները նավերի վրա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի հութիներն անհապաղ դադարեցնեն բոլոր նմանօրինակ հարձակումները, որոնք խոչընդոտում են գլոբալ առևտուրը, խախտում նավագնացության իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև՝ խախտում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Բանաձեւին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 11 անդամ։ Ռուսաստանը, Չինաստանը, Մոզամբիկը եւ Ալժիրը ձեռնպահ են մնացել:
Մինչ քվեարկությունը՝ Ռուսաստանն առաջարկել էր փաստաթղթում երեք ուղղում մտցնել, սակայն դրանք մերժվել են։ Դրանց թվում էր կետն այն մասին, որ այս բանաձեւի դրույթները չպետք է դառնան նախադեպ կամ սահմանեն միջազգային իրավունքի նոր նորմեր, ինչպես նաև 7-րդ պարագրաֆում հավելում, որը հիշատակում է Գազայի հատվածում հակամարտության մասին:
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակում իրականացրեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը գործողություն սկսեց ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այս իրադարձությունները հանգեցրել են այն բանին, որ Մերձավոր Արևելքի մի շարք խմբավորումներ ակտիվացրել են գրոհները Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի դեմ: Եմենի հութիներն իրենց հերթին սկսել են գնդակոծել նավերը Կարմիր ծովում:
Կարծիքներ