Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին:

Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022 թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ծանրամարտի նորակառույց մարզադպրոցի բացման առիթով և հույս հայտնել՝ ՀՀ կառավարությունը ստիպված լինի նորանոր մարզադպրոցներ կառուցել մեր օլիմպիական չեմպիոնների անունով.

«Մենք դպրոցներ այսպես թե այնպես կառուցելու ենք, հարցն այն է, թե այն ում անունը կկրի: Այստեղ է նրբությունը, որովհետև ուզում եմ վերստին հաստատել կառավարության հանձնառությունը, որ բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով մասնագիտացված մարզադպրոցներ կկառուցենք: Այս տարի օլիմպիական տարի է, և հույս ունեմ, որ մենք արդեն ավելի կկոնկրետացնենք, թե որտեղ ում անունով ինչ մարզադպրոց ենք կառուցելու: Իսկ անկախ դրանից՝ մարզադպրոցների, մարզական կենտրոնների, մարզադահլիճների կառուցումը եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն կառավարության համար: Ուզում եմ արձանագրենք՝ սա Հայաստանի զարգացման տեսլականի շատ կարևոր մաս է»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարզադպրոցների կառուցումը նախ խթանում է առողջ ապրելակերպը երեխանների, ինչպես նաև մեծահասակների շրջանում: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հասարակության մեջ այդ մարդիկ երեխաների համար դառնում են հիացմունքի արժանի հերոսներ, որոնց նրանք ձգտում են նմանվել:

«Մենք ուզում ենք, որ նաև մեր մարզիկները, ովքեր Հայաստանի դրոշը բարձրացնելու և Հայաստանի օրհներգը հնչեցնելու պատվին են բոլորիս արժանացրել, իրենց գնահատված զգան: Մենք ուզում ենք, որ մեր մարզիկները ոչ միայն իրենց մարզական կյանքի գագաթնակետին, այլև դրանից հետո էլ ամեն օր զգան իրենց գնահատված: Եվ նրանցից հետո եկողներն էլ այդ հեռանկարն իրենց աչքի առաջ ունենան՝ այնպես չէ, որ միայն հաղթանակի պահին կարճաժամկետ, էմոցիոնալ վերաբերմունք է դրսևորվում, որից հետո մարդիկ մոռացվում են: Սա դրա մասին է: Եվ, իհարկե, սա հարգանքի տուրք է Ջրառատ համայնքին, բոլորիդ, որովհետև չեմպիոնն իր միջավայրում է ձևավորվում որպես չեմպիոն, իրեն շրջապատող մարդիկ են կանգնել կողքին, աջակցել»,- ասել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ այդ առումով՝ դպրոցը Սիմոն Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանին ստեղծած բոլոր մարդկանց անուններով է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում