Հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում խեղդամահ արված աղջկա սպանության կասկածանքով Իրանի քաղաքացի է որոնվում
Երևանում օգոստոսի 17-ին Նորք Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում խեղդամահ վիճակում հայտնաբերված երիտասարդ աղջկա գործով զարգացումներ կան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է սպանված աղջկա ինքնությունը, նա Երևանի բնակիչ է, 26 տարեկան։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Իրանի քաղաքացի, 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում, իսկ հիմա հատել է հայ-իրանական սահմանը։
Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կարծիքներ