Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ Լվով քաղաքի կենտրոնում՝ Հայկական անվանումը ունեցող փողոցում, հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը:
Բացմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Լվովի մարզի նահանգապետը, Լվովի քաղաքապետը, նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։
Հանդիպումներ են տեղի ունեցել մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկու և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ, որոնց ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Լվովի տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները։
«Մենք բացում ենք պատվավոր հյուպատոսի գրասենյակը Լվովում: Հետաքրքրական է, որ այն համընկնում է ՀՀ և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի հետ: Դա կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, հատկապես, հաշվի առնելով այն նշանակությունը, որ մարզի, ինչպես քաղաքի ղեկավարությունը ցուցաբերեցին այդ միջոցառմանը»,- ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
«Այն մշակութային, ազգային շերտը, որ ունի Լվով քաղաքը՝ ի դեմս մեր նախնյաց թողած ժառանգության, շատ կարևոր է գնահատվում Լվովում: Ավելացավ նաև հյուպատոսությունը: Սա մի մեծ ուժ է՝ մեր ամբողջականությունը գնահատելու և այն զարգացնելու համար»,- նշել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Քաղաքը հայերի համար Արևելյան Եվրոպայի մշակութային կենտրոնն է: Հայերն ասյտեղ շատ վաղուց են ապրում և քաղաքի հիմնադիրներից են: Կարծում եմ՝ համայնքի հետ համատեղ ջանքերով մեր աշխատանքով կնպաստենք քաղաքի, մեր ժողովրդի, Ուկրաինայի և Հայաստանի շփումների զարգացմանը»,- հավելել է Լվովում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:
Կարծիքներ