Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց
Երևանում այս տարի կկառուցվի 20 կմ նոր ոռոգման ցանց՝ մայթերի և կանաչ գոտիների խնամքի համար: 10 կմ-ն արդեն պատրաստ է: Թումանյան փողոցում ամեն մի ծառ իր առանձին համակարգն ունի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Թումանյան փողոցում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չի ունեցել: Մենք առաջնահերթորեն անցկացնում ենք այն տարածքներում, որտեղ պետք է տնկվեն ծառեր և ունենանք ըստ տեղանքի ձևավորում: Հրատապ են նաև, իհարկե, անտառային գոտիներն ու այգի-պուրակները»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Աշխատանքները բաժանվել են երկու փուլի: Ամենաերկար ոռոգման համակարգը նոր հիմնվող տնկարանում է՝ 100 կմ: Նոր խողովակները պոլիէթիլենային են: Ունեն ավելի քան 50 տարվա երաշխիք: Անձրևացնող ու կաթիլային ոռոգումը կապահովի կանաչ տարածքների ճիշտ խնամք:
Քաղաքում առողջ կանաչ զանգված ստեղծելը մեծապես պայմանավորված է մշտական ոռոգման հնարավորությամբ: Այս տարվա ծավալները հնարավորություն կտան ընդլայնել նաև կանաչ տարածքները:
«Մեր նպատակն է հասնել բարձր ցուցանիշների. 1 բնակչին բաժին հասնող կանաչ տարածքը պետք է գերազանցի 8 քմ-ն: Կարծում եմ, եթե աշխատանքները շարունակենք նույն ձևով, ապա մի քանի տարի անց հնարավոր կլինի հասնել այդ արդյունքին»,- ասում է Բեգոյանը:
Կարծիքներ