Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Ինչպես հայտնել էինք՝ ըստ լրատվամիջոցների, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Մինչ այս պահը հայտնի չէ ուղղաթիռում գտնված նախագահի, արտգործնախարարի և ադրբեջանցի պաշտոնյայի ճակատագիրը։ 

«Թանսիմ»-ը հայտնել է, որ այս պահին իրականացվում է լայնածավալ որոնողական գործողություն, որում ներգրավված են Կարմիր մահիկի փրկարարները, զինվորականներն ու ոստիկանները։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Էբրահիմ Ռաիսիի շարասյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։  Նախագահի կամ նրան ուղեկցողների հետ կապ չի հաստատվում։ Փրկարարները պարզել են ուղղաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը։ Այն գտնվում է Օզի գյուղի տարածքի Արսբարանի անտառներում։ Նշվում է, որ տվյալ հատվածը դժվարամատչելի է։

Իրանի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է բոլոր նախատեսված հաղորդումները, որպեսզի ցույց տա Ռաիսիի համար աղոթքները ողջ երկրում։ Էկրանի մի անկյունում ուղիղ հեռարձակվում է փրկարարական խմբերի աշխատանքը։

Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի կյանքը վտանգի տակ է ուղղաթիռի կործանումից հետո:

«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Ըստ «Irna»-ի, սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում