Կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

Կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարանում) տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և մատնանշել ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների դերը. «Շնորհակալ ենք յուրաքանչյուր ուսուցչի կատարած կարևոր աշխատանքի համար: Դուք եք մեր կրթության զարգացման առաջամարտիկները, և որևէ հաջողություն չենք կարող ակնկալել առանց ձեր՝ աշխատանքի նկատմամբ եռանդի ու ջանասիրության: Օտար լեզուների ուսուցումը դպրոցներում մեր հանրակրթական բարեփոխումների տեսլականի կարևոր բաղկացուցիչ է, որտեղ առանձնահատուկ տեղ ունի ֆրանսերենը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցությանը, ֆրանսերենի զարգացմանն ուղղված ընթացիկ տարվա աշխատանքներին: Ըստ նրա՝ 2 հուշագիր է կնքվել դեսպանատան հետ՝ Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև իր ղեկավարությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով գործող կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանկոֆոն միջոցառումների համակարգման աշխատանքային խմբի կարևորությունը, որի շնորհիվ ավելի մեծ համախմբում կա ոլորտի դերակատարների միջև։ Կարևորվել է նաև Ֆրանսիական ինստիտուտի դերը՝ որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական ջերմ հարաբերությունների հավաստում, որի աջակցությամբ նոր թափ կստանան ոլորտում կրթամշակութային տարատեսակ ծրագրերն ու միջոցառումները:

Ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին ողջունել և շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ նշելով. «Դուք ձեր անգնահատելի լուման ունեք ֆրանսերենի դասավանդման և զարգացման գործում»: Դեսպանը կարևորել է նաև ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ որպես դեսպանատան գործունեության կարևոր մաս:

Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի դասավանդման առաջընթացին, խորացված ուսուցման ամրապնդմանը, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հեռանկարների ու մարտահրավերների վերհանմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում