Շախմատի անհատական ԵԱ. Մարիա Գևորգյանը կես միավորով է զիջում առաջատարին
Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ:
Արդեն կայացել են 6 տուրի պարտիաներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը: 6-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ: Մարիան ԵԱ-ի մեկնարկային տուրում զիջել էր վրացի Նանա Ձագնիձեին, իսկ հաջորդ տուրերում հաղթանակներ էր տարել անգլիացի Լուիզա Հեադի, չեխ Օլգա Դվորակովայի, նիդերլանդցի Էլայն Ռոբերսի և լեհ Օլիվիա Կիոլբասայի նկատմամբ: Գևորգյանը 5 միավոր ունի իր ակտիվում և կիսում է երկրորդ հորիզոնականը՝ մրցաշարի առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյին զիջելով ընդամենը 0,5 միավորով:
6-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել՝ սպիտակ խաղաքարերով զիջելով հենց Սոչկոյին: Եվրոպայի գործող չեմպիոնուհին ընթացիկ առաջնությունում առաջատարի դիրքը զիջել է 5-րդ տուրում՝ երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո: Այժմ Դանիելյանի ակտիվում 4 միավոր կա:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, 4,5-ական միավոր են վաստակել: 6-րդ տուրում Լիլիթը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել վրացի Նանա Ձագնիձեի հետ, իսկ Աննան 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ:
6-րդ տուրում հաղթանակներ են տարել նաև Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը: Գաբոյանն առավելության է հասել պորտուգալացի Ֆորտունա Պիպիրայի, իսկ Մկրտչյանը՝ լեհ Մոնիկա Մարչինչիկի նկատմամբ: Հայ շախմատիստուհիները 3,5-ական միավոր ունեն:
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր:
Կարծիքներ