«Իմ քայլը» կմասնակցի և կքվեարկի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ եւ մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։
Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:
«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում, հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով:
Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ:
Այս առաջարկին կողմ է նաեւ ԲՀԿ-ն, սակայն ոչ իշխող խմբակցությունը, որն առհասարակ համաձայնություն չէր տալիս քննարկմանը, իսկ հիմա նիստ կլինի, սակայն նրանք դեմ կքվեարկեն։
Հավելենք, որ որոշում է կայացվել խորհրդարանում այդ նախագծի քննարկման համար ժամային սահմանափակում չանել եւ այն քննարկել առանց ժամային սահմանափակման»:
Կարծիքներ