Քննիչը խոստացել է կարճել քրգործը, եթե քաղաքացին ՁՎՊ-ում խոշտանգման փաստը թաքցնի
Դատախազության քննության արդյունքում պարզվել է, որ քննիչը խոստացել է կարճել քրեական գործը, եթե քաղաքացին ձերբակալված անձանց պահելու վայրում (ՁՊՎ) իրեն խոշտանգելու մասին դեպքը թաքցնի։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել։
Հունիսի 7-ին Երևանի ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ: Պարզվել է, որ հունիսի 6-ին Կ. Մ.-ն վիճաբանել է հարևանի հետ, որից հետո ահազանգով ժամանած ՊՊԾ գնդի ծառայողներին հայհոյել է և ձեռքով հարվածել նրանցից 2-ի դեմքին: Դեպքի առթիվ հունիսի 7-ին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի հանդեպ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, պատժվում է տուգանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ) հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել Երևանի ՁՊՎ: Նա ասել է, որ վնասվածքները ստացել է չորացած ծառի ճյուղերը կտրելիս: Հունիսի 17-ին քրգործի հարուցումը մերժվել է:
Օգոստոսի 10-ին Գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից բռնության հետևանք են, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրգործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումը և մի խումբ անձանց կողմից անձին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (խոշտանգում մի խումբ անձանց կողմից, պատժվում է 7-12 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով հարուցել է քրեական գործ։
Կարծիքներ