Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։
Վերականգնվող ճանապարհներն են՝
Շիրակ-Կամո (5 կմ)
Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.3 կմ)
Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.9 կմ)
Մ2-Նորավան (5.3 կմ)
Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)
Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ)
Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (14.5 կմ)
Լուկաշին-Հ17 (3.2 կմ)
Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)
Խոտ (2 կմ)
2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։
Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։
Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։
Կարծիքներ