Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը

Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումն ու ընդհանրապես զարգացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, կոնկրետ բյուջետային ծախս է»,-ասել է Փաշինյանը: 

Խոսելով անվտանգության բաղադրիչի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ տնտեսությունը նաև պատերազմական իրավիճակում է շատ կարևոր: «Առաջնագիծ ո՞վ է հասնելու կամ թիկունքում մարդիկ աշխատելո՞ւ են, թե՞ չէ: Ենթակառուցվածքները խոցվում են, դու պիտի կարողանաս մարդկանց, թիկունքի բնականոն գործունեությունը շատ թե քիչ ապահովես, ինքը ճակատի համար պետք է արտադրի ինչ-որ բաներ, սկսած հագուստից, վերջացրած առողջապահություն, դեղեր, սնունդ և այլն: Բայց այսօրվա իրավիճակում տնտեսական զարգացումն է Հայաստանի շահը, որովհետև տնտեսական զարգացմամբ է, որ դու ունենում ես ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ»,-նշել է Փաշինյանը:

Խոսելով կառավարության կողմից զինվորականների աշխատավարձերի բարձրացման մասին՝ նա ընդգծեց՝ եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, չես կարող կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում