Փաշինյանը հայտնեց, թե ինչու է Հայաստանը համաձայնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնել Բեռլինում
Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվի Գերմանիայում այն պատճառով, որ Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
Փաշինյանը հիշեցրեց՝ փետրվարի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Գերմանիայում: Վայրն ինչ-որ առումով միայն վայր է, բայց այն բովանդակություն էլ ունի:
«Մենք ինչո՞ւ ենք համաձայնվել, որ Գերմանիայում այդ հանդիպումը տեղի ունենա. շատ պարզ պատճառով, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք՝ առաջինը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը, որ Ալմաթայի հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմքը և երրորդը, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է գործեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այսինքն՝ Բեռլինում այլ քաղաքական բովանդակություն չի կարող քննարկվել: Մենք նաև դրա համար ենք համաձայնել, որ այնտեղ այդ քննարկումը տեղի ունենա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանի համար ընդունելի չի լինի, եթե որևէ միջնորդ փորձի այս շրջանակից դուրս բերել գործընթացը: Դա նշանակում է միջնորդել ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության ճարտապարետության փլուզում:
«Այն երկրները, կազմակերպությունները, որոնք այս 3 սկզբունքն ընդունում են, կարող ենք նաև նրանց միջնորդությունն ընդունել: Ովքեր չեն ընդունում, նախ պետք է ճշտենք իրենց վերաբերմունքն այս սկզբունքների վերաբերյալ, հետո նոր վերաբերմունք արտահայտենք»,-ասաց վարչապետը՝ կրկնելով, որ Գերմանիան Գրանդայի հայտարարության կողմ է:
Կարծիքներ