ՀԱՊԿ-ը չկա, չի լինելու, բայց մենք դեռ խոսում ենք՝ ՀԱՊԿ-ից դուրս գա՞լն է ճիշտ, թե՞ այնտեղ մնալը. Աթանեսյան
ԼՂ խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյան «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ խոսելով ՀԱՊԿ-ի մասին:
«Հիշու՞մ եք ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը. «Կենտրոնը մեռած է, և ոչ մի ռեանիմացիա նրան չի օգնի»:
Հիմա ՀԱՊԿ-ն է․ չկա, չի լինելու: Բայց մենք դեռ խոսում ենք՝ ՀԱՊԿ-ից դուրս գա՞լն է ճիշտ, թե՞ այնտեղ մնալը: Ուզենանք էլ՝ մնալ չենք կարող: Անիմաստ պատմական պատասխանատվություն եկեք չվերցնենք, ինչպես հպարտացանք, որ ԽՍՀՄ կազմաքանդումը մեզնից է սկսվել՝ ղարաբաղյան շարժումից:
Մինչդեռ իրականում շարժումը ԽՍՀՄ կազմաքանդման հետևանք էր, աշխարհաքաղաքական ապոկալիպսիսից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը փրկելու փորձություն, որ հաջողությամբ անցանք, որովհետև երկրի առաջնորդը գիտեր, որ ԽՍՀՄ-ը մեռնում է:
ՀԱՊԿ-ի փլուզումը ԼՂ-ն թողեց փլատակների տակ: Քառասունչորսօրյա պատերազմը հետևանք էր, որովհետև 2010-ականների Հայաստանի քաղաքական էլիտայում չգտնվեց խորագիտակ մեկը, որ հասկանար և խոստովաներ. եթե ՀԱՊԿ-ի ողնաշար Ռուսաստանը ոչ ՀԱՊԿ-ի անդամ Ադրբեջանին հինգ միլիարդ դոլարի գերարդիական սպառազինություններ է վաճառում՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի, ուրեմն այդ կառույցն առնվազն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար այլևս մեռած է:
Թուրքն ասում է՝ դժոխք գնացողն ընկեր է փնտրում: ՀԱՊԿ-ից ինչքան հեռու, այնքան լավ»:
Կարծիքներ