Գյումրիի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը Թուրքիայի կացության քարտ ունի, որի ժամկետը լրացել է

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը Թուրքիայի կացության քարտ ունի, որի ժամկետը լրացել է

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, որ Գյումրիի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի քաղաքապետի թեկնածուն Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է նաև Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։ Սարիկ Մինասյանը, սակայն, չէր հստակեցրել, թե որ թեկնածուի մասին է խոսքը՝ ակնկալելով, որ հենց նա դրա մասին կբարձրաձայնի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն ունեցել է Թուրքիայի կացության քարտ, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունի։ 

Սուրենյանցը նաև նշել է, որ մինչև երեկո սպասելու են, որպեսզի իշխող կուսակցության կողմից ապացույցներ ներկայացվեն իրենց թեկնածուի՝ Թուրքիայի քաղաքացիության վերաբերյալ, հակառակ դեպքում հարցին լուծում կտան դատական կարգով։ 

Արտյոմ Ղարաղազարյանը իր հերթին պարզաբանեց, որ ինքը գործարար է, գործի բերում լինում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, իսկ Թուրքիայի օրենքների համաձայն՝ ինքը պետք է կացության քարտ ունենար։ 

«Ես բիզնեսներ ունեմ ու գործի բերումով լինում եմ ՌԴ-ում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Թուրքիայում, իսկ Թուրքիայի օրենքների համաձայն՝ ես պետք է ունենայի կացության քարտ, որի ժամկետը, ի դեպ, արդեն լրացել է: Այդ քարտը իրավունք չի տալիս ո՛չ քաղաքացիության, ո՛չ էլ աշխատանքի»,- նշեց Արտյոմ Ղարաղազարյանը:  

Ղարաղազարյանը հերքեց տարածվող լուրերը, թե ինքը հյուրանոցային բիզնես ունի՝ շեշտելով, որ Թուրքիայում որևէ սեփականություն չունի, պարզապես զբաղվում է բեռնափոխադրումներով, իսկ մեքենաները, որոնցով կազմակերպում է բեռնափոխադրումները, վրացական պետհամարանիշներով են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում