Դեմոկրատ օրենսդիրները հայտնում են, որ Թրամփի զինված աջակիցները մտադիր են կրկին շրջափակել Կապիտոլիումը. CNN
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր զինված աջակիցներ պատրաստվում են շրջափակել Կապիտոլիումի շենքը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանն ընդառաջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի քաջատեղյակ անդամին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի շարք օրենսդիրներ նախօրեին ևս հայտնել են առաջիկայում սպասվող խռովությունների վտանգի մասին:
«Նրանք խոսում են մոտ 4000 զինված «հայրենասերների» մասին, որոնք մտադիր են շրջափակել Կապիտոլիումը՝ կանխելու համար դեմոկրատների մուտքը: Նրանք կանոնների ցանկ են հրապարակել՝ նշելով, թե երբ է պետք կրակել, երբ՝ ոչ: Սա կազմակերպված խումբ է, որը ծրագիր ունի»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քոնոր Լեմբը:
Այսօր Ներկայացուցիչների պալատում քննարկումներ են ընթանում Թրամփի իմփիչմենթի հարցով: Հիշեցնենք, որ դեմոկրատները նախօրեին Կոնգրեսի ստորին պալատի դիտարկմանն էին ներկայացրել իմփիչմենթի մասին բանաձևը, որը քննարկումներից հետո կարող է քվեարկության ներկայացվել:
Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները Կապիտոլիում էին ներխուժել հունվարի 6-ին, երբ կոնգրեսականները հավաքվել էին հաստատելու Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:
Կարծիքներ