Չարենցավանում ավարտվել է «ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը
Չարենցավանում ավարտվել է «ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում հայտնի դարձան հաղթողները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը:
Մրցանակակիրներին պարգևատրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ. «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված»:
«Շնորհավորում եմ հաղթողներին: Ինչպես տեսաք շատ համառ ու լարված էր պայքարը: Ինչքան էլ՝ սիրողական էր մրցաշարը, բայց մասնակիցների կարգը շատ բարձր էր ու մենք ականատես եղանք մարզական շատ ճիշտ պայքարի»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
«ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15 մլն դրամ էր: Հաղթողները ստացան 1 մլն, արծաթե մեդալակիրները՝ 600 հազար, իսկ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 400 հազար դրամ: Դրամական պարգևներ ստացան նաև 3-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները:
Կարծիքներ