Եվրատեսիլի պաշտոնական էջը ցավակցություն է հայտնել երգիչ Հայկոյի մահվան առիթով
Եվրատեսիլ երգի մրցույթի «Թվիթեր»-ի միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան առիթով։
Կայքը նշել է, որ ցավում է Հայկոյի անժամանակ մահվան համար։
«Հայկոն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում և իր հուզիչ «Anytime you need» երգով զբաղեցրել էր 8-րդ տեղը։ Դուք միշտ կլինեք մեր սրտերում»,- հայտնել են Եվրատեսիլի «Թվիթեր»-ի միկրոբլոգից։
Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։
1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։
Կարծիքներ