Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց. պարզաբանում
ՀՀ ոստիկանությունը պարզաբանմամբ կոչ է անում զերծ մնալ կառույցը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Օրերս լրատվական կայքերում, սոցցանցում և քաղաքական գործիչների կողմից տեղեկություններ են տարածվում, որ վերջին օրերին բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում։
Մասնավորապես, շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, իսկ Բենիկ Արզումանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ապրիլի 7-ին հանրապետությունում քաղաքական որևէ ակցիա տեղի չէր ունենում։
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի ծառայության հիմնական նպատակներն են հասարակական անվտանգության ապահովումն ու հանցավորության դեմ պայքարը»,- ասվում է պարզաբանման մեջ։
Կարծիքներ