Քչերն ունեն պատկերացում՝ ինչ է իրականում կատարվում եկեղեցու ներսում. ով ում քեռու կամ քեռու կնոջ հետ է քնում ու արթնանում․ Բաբաջանյան

Քչերն ունեն պատկերացում՝ ինչ է իրականում կատարվում եկեղեցու ներսում. ով ում քեռու կամ քեռու կնոջ հետ է քնում ու արթնանում․ Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Որպես նախկին ճեմարանական՝ քչերը կարող են իմանալ այն, ինչ ինձ հայտնի է։ Քչերն ունեն պատկերացում, թե ինչ է իրականում կատարվում եկեղեցու ներսում. ով ում քեռու կամ քեռու կնոջ հետ է քնում ու արթնանում։ Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ, որոնց մեծ մասին հասարակությունը երբեք չի տեղեկանա։

 

Առաջին ծանր հիասթափությունը եկավ 1995 թվականին։ Ավարտելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզու կրթական ծրագիրն ու Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, վերադարձա Հայաստան և ընդունվեցի Գևորգյան ճեմարանի երրորդ կուրս։ Սրբակենցաղ մխիթարյան հայրերի կողքին ապրելուց հետո հայտնվեցի մի իրականության մեջ, որը խորթ էր թե ճեմարանի մասին մեր բոլորի պատկերացումներին։

 

Օրինակ՝ աղոթասիրությունը, որ Մխիթարյանների միջավայրում կենսակերպ էր, այստեղ հաճախ ծաղրի էր արժանանում։ Երբ ամեն առավոտ ժամերգությունից շատ առաջ գնում էի մայրավանք՝ միայնակ աղոթելու, դառնում էի հեգնանքի ու ծաղրի առարկա։

 

Իհարկե, Գարեգին Ա-ի գահակալությունից հետո որոշ դրական փոփոխություններ եղան։ Բայց այն, ինչ ապրեցի մեկ ուրիշ անգամ, իսկապես ցնցող էր։

 

Երեք սարկավագներ, որոնք այսօր եպիսկոպոսներ են և ակտիվ քաղաքական-հասարակական գրառումներ են անում, բռնվել էին բացահայտ ու անպատշաճ վիճաբանության ճեմարանի այն ժամանակվա տեսուչ Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի հետ։ Արաբաջյանը, հիշեցնեմ, ամուսնացած էր, ուներ երեք զավակ, և վաղուց հաստատվել է Նյու Յորքում։ Վեճի ընթացքում հնչում էին ամենավերջին հայհոյանքները, որոնք անհամատեղելի էին ո՛չ հոգևորականի կերպարին, ո՛չ քրիստոնեական բարոյականությանը։

 

Դա եղավ վերջին կաթիլը։ Այդ օրը ես լքեցի ճեմարանը և այլևս երբեք չվերադարձա։ Գարեգին սրբազանը՝ այժմ արդեն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որոշեց «պատժել» ինձ՝ առաջարկելով առաջին կուրսից կրկին սկսել ուսումս Սևանի Վազգենյան դպրանոցում։ Ես առանց վարանելու ընդունեցի այդ առաջարկը և անցա առաջ։

 

Ի՞նչ եմ ուզում ասել։

 

Եկեղեցին լավատեղյակ է իր ներքին խնդիրներին։ Շատերը լուռ ամաչում են այդ ճշմարտություններից, շատ եպիսկոպոսներ ապրում են իրենց կանանց ու երեխաների հետ՝ թաքցնելով այդ հանգամանքը։ Բայց խնդիրը այլ տեղում է։ Եկեղեցին պետք է ունենա բավարար ուժ, համարձակություն և իմաստնություն՝ ինքն իր ներսում ձևավորելու բարեփոխումների օրակարգ։

 

Բարեփոխման շարժիչը եկեղեցու ներսից պետք է գա՝ ոչ դրսից պարտադրված, ոչ քաղաքական շահարկումների արդյունքում։

 

Եկեղեցուն պետք չէ խառնվել։ Այն պետք է փրկել՝ ներսից, խոնարհությամբ և պատասխանատվությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում