«Եվրանեսթ» ԽՎ-ում մեր պատգամավորները բարձրաձայնել են հայ ռազմագերիների հարցը. Մարիա Կարապետյան
Եվրանեսթի բյուրոյի նիստում երեկ ընդունվել է բանաձև, որին ես դեմ եմ քվեարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույան պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Եվրանեսթի բյուրոյի նիստում պատրաստվում են հակառուսական բնույթի բանաձև ընդունել։
«Եվրանեսթ Խորհրդարանական վեահոժողվում ներկայացված են ԵՄ խորհրդարանի պատգամավորները և ԵՄ արևելյան հարևանները՝ Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, որը սառեցրել է իր մասնակցությունը վեհաժողովին, ինչպես նաև՝ Հարավային Կովկասի երեք երկները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը։ Եվրանեսթ ԽՎ օրակարգը ձևավորել են բոլոր երկրների քարտուղարությունները և քաղաքական գործիչները՝ համատեղ»,-նշեց Մարիա Կարապետյանը:
Նա նաև հայտնեց, որ բյուրոյի նիստին երեկ ընդունվել է բանաձև, որին ինքը դեմ է քվեարկել, իսկ թե ինչ բանաձև է՝ Կարապետյանը չմանրամասնեց՝ հայտնելով, որ բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից կհրապարակվի այն։
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց:
«Այս առավոտ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և Ադրբեջանից առցանց մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոխորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ««Եվրանեսթի» վեհաժողովի ընթացքում բարձրացվել է ինչպես գերիների և պահվող անձանց հարցը, այնպես էլ պատմամշակութային ժառանգության հարցը։
««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը:
Կարծիքներ