Քաղաքականությունը պետք է մշակվի առկա իրողություններից ելնելով . «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Քաղաքականությունը պետք է մշակվի առկա իրողություններից ելնելով . «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Նոր իրողություններ են ստեղծվել հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որոնք անհրաժեշտություն են դարձնում վերարժեւորելու պատմական իրադարձությունները, այդ թվում՝ 1921-ի Մոսկվայի պայմանագիրը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ իրապես կարիք կա նոր լույսի ներքո դիտարկելու մեր պատմության այդ դրվագը, որովհետեւ նկատվում է անցյալից եկող իներցիա, այսինքն՝ շատ հաճախ կրկնվում են նույն կաղապարված թեզերը։ Ներկայումս տարբեր իրողությունների եւ տարբեր փաստերի արդյունքում ստեղծվել են շատ լայն հնարավորություններ, որոնք թույլ են տալիս բազմակողմանի դիտարկելու խնդիրը։

Մեկ այլ կարեւոր հարց է, թե որքանով ենք մենք ծանոթ այն տրամադրություններին, այդ թվում՝ գիտական, փորձագիտական հարթություններում, որոնք գոյություն ունեն Ռուսաստանում, քանի որ առանց դրա արդյունավետ չի լինի զարգացնել հարաբերությունները։ Ռուսաստանը մեծ պետություն է եւ այս տիպի պայմանագրերը նրա պատմագիտության, հասարակական-քաղաքական շրջանակների համար բնականաբար չեն կարող ունենալ այն նշանակությունը, որ ունի հայերիս եւ Հայաստանի համար, որովհետեւ դա վերաբերում է մեր հայրենիքին, մեր գոյությանը, մեր պետականությանը եւ այն մշակութային արժեքներին, որոնք կորցրել ենք այդ պայմանագրի հետեւանքով։ «Մենք պետք է հասկանանք, թե օրինակ Ռուսաստանում՝ դաշնակից երկրում ո՞ր տեսակետներն են ավելի կարեւոր, ի՞նչ շերտերի վրա են նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնում եւ ինչպիսի՞ հատման կետեր կան։ Հենց դրանց վրա պետք է ուշադրություն դարձնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելիս»,- ընդգծեց նա»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում