ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը
Այսօր ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից:
Պատգամավորի խոսքով՝ ռազմաբազայի վերաբերյալ նման խոսակցությունները որևէ հիմնավորում չունեն. «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որևէ հիմք չունեն, այսինքն՝ այդ լուրերը մեկնաբանության ենթակա էլ չեն: Նման խոսակցություն մեր իրականության մեջ, ըստ էության, գոյություն չունի»:
Նշենք, որ, շրջանառվող լուրերի համաձայն, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։
Նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է: «Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է»,- ասաց պատգամավորը:
Կարծիքներ