Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը որոշվել է հետաձգել մինչև մայիս։ Այս մասին արաբական Al Watan թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։
ԱԳ նախարարների հանդիպումը պետք է կայանար երկուշաբթի՝ ապրիլի 10-ին։ Եֆիմովի խոսքով՝ այն տեղափոխվել է մայիսի սկիզբ։
«Շահագրգիռ կողմերի միջև այս հարցում դրական արդյունքների հասնելու համար շարունակվում են շփումներն ու խորհրդակցությունները»,- վստահեցրել է նա։
Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի քառակողմ հանդիպումը կայանա։ Նրա խոսքով՝ կողմերը չեն կարող օրակարգային բոլոր հարցերը լուծել բանակցությունների մեկ կամ մի քանի փուլով։
«Սա երկար ճանապարհ է, բայց մենք քայլ առ քայլ շարժվում ենք այս ուղղությամբ», - եզրափակել է Եֆիմովը:
Մարտի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր քառակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Սակայն այն ժամանակ բանակցությունների հնարավոր ժամկետ չէր նշվում։
Կարծիքներ