Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ համաշխարհային մշակույթի գանձարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ:
«Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը
Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից եկեղեցաշինության վերելքին զուգահեռ զարգանում են նաև գրչության արվեստը և մատենագրությունը, ստեղծվում են գրչության կենտրոններ՝ իրենց մատենադարաններով ու ձեռագրերի հարուստ հավաքածուներով:
18-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է հայկական կազմարարությունը: Կաշվե կազմերի ձևավորման և զարդարման, կազմարձանագրությունների արտահայտման ինքնատիպ սկզբունքներով առանձնանում է Արցախ-Ուտիքի դպրոցը։
Այդ դպրոցի կազմերին բնորոշ են ծաղկադրոշմները, զարդապատկերները, ինչպես նաև ձեռագրերի լուսանցակողերի կապույտ գույնը»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Կարծիքներ