Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. լիբանանցի նախարար

Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. լիբանանցի նախարար

Լիբանանի նախագահի հանձնարարությամբ եկել եմ Հայաստան՝ ասելու, որ ճշմարտության բոցը միշտ պետք է վառ պահել բոլորիս սրտերում: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Լիբանանի  երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: 

«Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր սրտերում, ապրում են այսօր, ապրելու են մեր ապագայում: Նրանք նահատակվեցին, բայց շարունակում են խոսել հոգով: Հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկ ընդհանրություն կա՝ դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Մենք մերժում ենք կեղծիքն ու ավերը և կոչ ենք անում այս գործում լինել միասին»,- ասաց Օհանյանը՝ հավելելով.    «Այստեղից՝ այս պատմական վայրից ու այս պատմական պահին, եկեք այնպես անենք, որ  աշխարհը զերծ մնա մեծամասնության և փոքրամասնությունների բաժանումից, մենք եղբայրներ ենք և բախվում ենք նույն մարտահրավերներին, և յուրաքանչյուրս յուրովի ենք տուժում դրանցից»:

Վարդինե Օհանյանը հայտարարեց, որ Լիբանանի նախագահը վերահաստատում է իր համերաշխությունը հայ ժողովրդին և վերջում հայերեն եզրափակեց. «Կհիշեմ և կպահանջեմ»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում