Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին

«Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու, միմյանց քաղաքական ինչ-որ պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել»:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտնելու ընդդմիության մտադրությանը և հիշեցնելով, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է՝ իմպիչմենտ հայտնելու հիմք չկա:
«Իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն՝ ով է ավելի առաջ, ով է ավելի հետ: Թեև բոլորը նույն քաղաքական ինքնությունն ունեն, նույն քաղաքական արմատն ունեն, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև սկզբունքորեն չեն կարող լինել արժեքային և ֆունդամենտալ տարաձայնություններ: Մաֆիոզները ո՞նց են. իրենք իրար հետ տարաձայնություններ կարող են ունենալ ազդեցության գոտիների բաժանման մասով, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ»,- ասաց նա:
Կոնջորյանը բացառեց, որ իրենց խմբակցությունից որևէ պատգամավոր կմիանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին. «Պարզ չէ՞ մեր դիրքորոշումը»։
Կարծիքներ