ՀՀ վարչապետը խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում
Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը մնում է այն, որ խորհրդարանական կառավարման համակարգը չպետք է փոխվի:
«Բոլորը չեն, որ այդպես են կարծում: Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասեց, որ ինքը մնում է իր տեսակետին, որ կառավարման համակարգը պետք է փոխվի, բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում:
ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրներ է տեսնում ՀՀ Սահմանադրության մեջ:
«Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո երկրում մեկ ամիս ռազմական հեղաշրջման իրավիճակ էր, ռազմական դրության պայմաններում երկրի ղեկավարը չէր կարողանում արագ կադրային փոփոխություն անել: Իհարկե, Սահմանադրական դատարանը իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ կան խնդիրներ, որոնք զուտ կանոնակարգային առումով պետք է լուծենք: Եվ դրա համար առաջարկել ենք, որ լինի քաղաքական խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով, որ քաղաքական մարմինը խնդիրները բարձրաձայնի, իսկ մասնագետները գան և այդ խնդիրների վերաբերյալ իրենց մասնագիտական գնահատակաները տան»,- եզրափակեց Փաշինյանը:
Կարծիքներ