Մակունցը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարևորությունը
Ս․թ․ ապրիլի 11-12-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես։ Այցի շրջանակներում ապրիլի 11-ին դեսպանը հանդիպեց Արևմտյան ափի հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների ղեկավարների, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրեց Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, գործակցության վերջին շրջանի զարգացումները։ ՀՀ դեսպանն ընդգծեց ԱՄՆ հետ հարաբերությունների կարևորությունը թե երկկողմ ձևաչափով, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։
Լիլիթ Մակունցն ընդգծեց ամերիկահայ համայնքի դերը և կարևորությունը Հայաստանին և Արցախին վերաբերող խնդիրների լուծման գործում։ Դեսպանը նաև պատասխանեց համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին։
Ապրիլի 11-ին դեսպան Մակունցը հանդիպեց Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց սենատոր Պորտանտինոյին մշտապես հայ համայնքին, Հայաստանին և Արցախին աջակցելու համար։ Մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Նույն օրը դեսպան Մակունցն այցելեց նաև Գլենդեյլում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի շինարարության հրապարակ։ Թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը դեսպանին ներկայացրեց թանգարանի շինարարության ընթացքը, ապագա թանգարանի կառուցվածքը և նշանակությունը։
Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին Լոս Անջելեսի փոխքաղաքապետ, դեսպան Նինա Հաջիգյանը, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Փոլ Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Կ․Թորոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Ա․ Սեմիրջյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևան-Լոս Անջելես քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։ Երկուստեք կարևորվեց քաղաքային իշխանությունների միջև 2018թ․ ստորագրված համաձայնագրով սկիզբ առած Երևանի քաղաքային իշխանության ծառայությունների Լոս Անջելեսի քաղաքապետարանում վերապատրաստման ծրագրի շարունակականության ապահովումը: Կարևորվեց համագործակցության շրջանակի ընդլայնումը՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները։
Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի Ոստիկանության դեպարտամենտի Առաջնորդության ծրագրի ղեկավար Բրայան Չերչիլլի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ոստիկանության բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ:
Կարծիքներ