ԼՂ ճգնաժամի սրման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և սահմանել առանձին պատժամիջոցներ. Reuters
Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ համագործակցությունը մի քանի ոլորտներում և պատժամիջոցներ սահմանել առանձին անձանց դեմ, եթե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանա։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ արտաքին ծառայության պատրաստած փաստաթղթին։
Նշվում է, որ ԵՄ-ն կարող է վերանայել Բաքվի հետ համագործակցությունը քաղաքականության ոլորտում, ֆինանսական օգնության տրամադրման կարգը և ոլորտային համագործակցության հարցերը։
«Մարդու իրավունքների լուրջ խախտումների դեպքում նման խախտումների համար պատասխանատուների նկատմամբ կարող են սահմանափակիչ միջոցներ ձեռնարկվել»,- մեջբերում է գործակալությունը փաստաթղթում։
Դիվանագետների խոսքով, համայնքի երկրների միջև տարաձայնություններ կան, թե արդյոք պե՞տք է ավելի կոշտ դիվանագիտական կամ քաղաքական միջոցներ ձեռնարկել, գրում է Reuters-ը։
Բանն այն է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները կողմ են Ադրբեջանի գործողություններին հավանություն չտալուն, մինչդեռ Ավստրիան և Հունգարիան հակառակ տեսակետն ունեն: ԵՄ դիվանագետներից մեկը նշել է, որ ԵՄ-ն կարող է սահմանափակվել Բաքվին դատապարտելով և կենտրոնանալ Երևանին տնտեսական և, հնարավոր է, ռազմական օգնություն տրամադրելու վրա:
Ըստ Reuters-ի՝ փաստաթուղթը Եվրամիությանը խնդրում է դիտարկել «Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելու քաղաքական և տնտեսական գործողությունները, այդ թվում՝ անվտանգության և կայունության, ինչպես նաև տնտեսական բարեփոխումների ոլորտում»։
Կարծիքներ