«Կրթվելը նորաձև է». Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն հանդես է եկել «Արդի ժամանակներ» բանախոսությամբ

«Կրթվելը նորաձև է». Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն հանդես է եկել «Արդի ժամանակներ» բանախոսությամբ

Հոկտեմբերի 4-ին Մատենադարանում կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը։ Միջոցառումը միավորել է հարյուրից ավելի ունկնդիրների՝ լսելու արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով հանդես է եկել իր «Tempi Moderni» («Արդի ժամանակներ») խորագրով բանախոսությամբ։

«Բանախոսը Հայաստան էր ժամանել հիմնադրամի բարեկամ Վիգեն Ավետիսի հրավերով։ Նա նախկինում ևս մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կայացած հանդիպումներին` որպես բանախոս։

Իսկ հոկտեմբերի 6-ին, պայմանավորված բանախոսության հետաքրքիր բովանդակությամբ և դրական արձագանքով, Ֆրանչեսկոն իր բանախոսությունը կրկնեց՝ այս անգամ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շուրջ 170 ուսանողների և դասախոսների համար։

Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյի` փիլիսոփայական խորությամբ ելույթում նշվում էր, որ մեր օրերում զարգացումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ պատրաստ ենք ընդունել և սովորել այն, ինչը երբեմն թվում է՝ անսպասելի, անտրամաբանական, աբստրակտ և անհասանելի:

Նրա խոսքով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունը լիովին համընկնում է իր բանախոսության թեմայի՝ «Արդի Ժամանակներ»-ի բովանդակության հետ։ «Փրկությունն այսօր գիտելիքի և գիտության մեջ է: Եթե նախկինում մարդիկ գիտելիքը կուտակում էին և տանում իրենց հետ որպես բեռ, ապա այսօր այն ձեռք են բերում քայլ առ քայլ՝ համահունչ փոփոխությունների»,- նշեց ֆրանչեսկոն:

Բանախոսությանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխանի փուլը։ Լսարանը հետաքրքրված էր ինչպես օրվա թեմայով, այնպես էլ բանախոսի` Հայաստանից ունեցած տպավորություններով։ Ֆրանչեսկոն անկեղծությամբ նշեց, որ սիրում է Հայաստանը, վերջին տարիներին հաճախ է այցելում և բարձր է գնահատում այստեղի մարդկանց ու մշակույթը»,- ասված է «Իմ քայլը» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում