Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա. ՀՀ վարչապետի ուղերձը՝ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա. ՀՀ վարչապետի ուղերձը՝ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով:

«67 տարի առաջ այս օրը՝ 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը:

Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: 

Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ:

Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում:

Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա: Եվ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին հետևել կամ չհետևել, վստահել կամ չվստահել:

Հաճույքով եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն աջակցում է հանրային այդ կարևորագույն ռեսուրսի զարգացմանը:

2018-2022 թվականների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում: Մի շարք միջազգային գործընկերներ ակտիվորեն աջակցում են Հանրային հեռուստատեսության հետագա զարգացմանը և Կառավարությունը շնորհակալությամբ քաջալերում է նրանց այդ ջանքերը:

Հեռուստատեսության հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում հեռուստատեսությունն այլ ավանդական լրատվամիջոցների շարքում դժվար ժամանակներ է ապրում: Բայց հեռուստատեսության էությունը տեխնիկական միջոցները չեն միայն, այլև ստեղծագործական տաղանդը, հարգանքը և սերը լսարանի նկատմամբ և առաքելության խորը գիտակցումը: Համոզված եմ՝ այս սկզբունքներով առաջնորդվողները միշտ սպասված են և կապ չունի՝ հեռուստացույցի՞, համակարգչի՞, թե սմարթֆոնի էկրանին»,- նշված է վարչապետի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում