Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Դրանում ասվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։ 

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից ու խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ:

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ։ Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար և ուժեղ պետություն։

Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը, վստահաբար, համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին:

Շնորհավո՛ր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում