Ադրբեջանը չի կարողանում ՌԴ-ի համար ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը նրան հարմար պայմաններով. քաղաքագետ

Ադրբեջանը չի կարողանում ՌԴ-ի համար ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը նրան հարմար պայմաններով. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Ղևոնդյանը կարծում է, որ ենթադրաբար Ադրբեջանը չի կարողանում Ռուսաստանի համար ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը Ռուսաստանին հարմար պայմաններով, մերժում է նաև սադրանքների միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականությունը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանից պարբերաբար հնչող հայտարարություններին, մասնավորապես՝ այսպես կոչված՝ «Զանգեզուր միջանցք» կեղծ ձևակերպման մասին, որը օրակարգ են բերել Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

«Ադրբեջանին կա՛մ թույլ չեն տալիս այլ կենտրոններից, կա՛մ չի ցանկանում վտանգի տակ դնել այն, ինչ շահել է, և ՌԴ-ն ինքն է փորձում ՀՀ-ի նկատմամբ ավելացնել ճնշումը, առավել ևս, որ անհայտ է, թե ԱՄՆ-ում ընտրություններից հետո ինչ իրավիճակ կձևավորվի, ովքեր կգան իշխանության: ՌԴ-ն փորձում է գոնե այս կանխատեսելի ժամանակամիջոցում ինչ-որ արդյունքներ գրանցել՝ ավելի լավ հիմքեր ստեղծելու համար, որպեսզի հետագա մարտահրավերներին կարողանա ավելի լավ պատասխանել»,- ասում է քաղաքագետը:

Ղևոնդյանի խոսքով՝ Ռուսաստանի գերնպատակն այս պահին գործընթացից դուրս չմնալն է. «ՌԴ-ն փորձում է իր մասնակցությունն ունենալ և հնարավորինս քիչ կորցնել այն դիրքերը, որոնք քիչ-քիչ կորցում է, և դա ակնհայտ է: Նա հղում է անում բոլոր այն փաստաթղթերին և պայմանավորվածություններին, որտեղ ինքը կա, որովհետև ՀՀ-Ադրբեջան Խաղաղության պայմանագիրը ձևավորվել և զարգանում է Արևմուտքում»:

Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանին միայն մնացել է դիվանագիտական մակարդակով ճնշում գործադրել:

«Կար ժամանակ՝ մինչև 2018-19 թթ., ՌԴ-ն այդ ճնշման նպատակով լայնորեն կիրառում էր նաև փակ ռեժիմը, այսինքն՝ առանձին կոմպրոմատներ հավաքում Հայաստանի լիդերների դեմ, օրինակ՝ իշխանության ներկայացուցիչների լեգիտիմության խնդրի, ՀՀ տարբեր ներկայացուցիչների ՌԴ-ում և այլ երկրներում բիզնեսների հետ կապված: Բայց ներկայում քանի որ ՀՀ իշխանությունները շատ ճիշտ բան են արել՝ փոխհարաբերությունները հանրայնացրել են, ՌԴ-ն այլևս չի կարողանում փակ ռեժիմով ճնշումներ գործադրել: Մնում է փորձել բոլոր այն ուղղություններով, որով հնարավոր է»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ իսկ հնարավո՞ր է՝ Ռուսաստանը գնա տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով, Ղևոնդյանն ասում է. «ՌԴ-ն տնտեսական խնդիրներ է ստեղծում այնքան, որ ինքը լուրջ խնդիրների չբախվի, որովհետև, եթե այսօր, օրինակ, ՌԴ-ն վերցնի և փակի Լարսը և ՀՀ-ի համար խնդիր ստեղծի, դրա պատասխան էֆեկտը կարող է շատ ավելի ծանր լինել. ՀՀ-ի միջոցով բազմաթիվ ապրանքներ է ստանում ՌԴ-ն, որը չի կարող ստանալ ուղղակիորեն, օրինակ՝ եվրոպական արտադրության ապրանքներ, որոնք ուղիղ կերպով չեն վաճառվում ՌԴ-ին, և վերջինս կզրկվի այդ հնարավորությունից»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքականությունը երկու կարևոր ուղղություն պետք է ունենա, առաջինը՝ հետևի համաշխարհային միտումներին և սպասողական դիրքորոշում որդեգրի, ինչը ՀՀ իշխանությունը կատարում է, երկրորդը՝ ուժեղացնի հնարավորությունները արտաքին քաղաքականության և բանակաշինության հարցում:

«Բանակաշինության հարցում ևս կատարում ենք, արտաքին քաղաքականության հարցում ունենք որոշակի թերացումներ, որոնցից գլխավորը, իհարկե, դեռևս ՀՀ-ի մասնակցությունն է այնպիսի մի բուտաֆորիա կազմակերպությունում, ինչպիսին է ՀԱՊԿ-ը, ինչպես նաև՝ տնտեսական դիվերսիֆիկացման շատ դանդաղ տեմպերը»,- տեսակետ է հայտնել նա:

Վերջինիս խոսքով՝ ՀԱՊԿ-ը խոչընդոտող հանգամանք է ավելի բազմակողմանի և ավելի խորացված ռազմական համագործակցություն հաստատելու համար այլ ուղղություններով. «Որովհետև, եթե, օրինակ, Ֆրանսիան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չի խոչընդոտում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությանը, ապա աշխարհում շատ պետություններ և ռազմական ոլորտում գործող կազմակերպություններ որոշակի մտավախություններ ունեն, և դրա համար ՀՀ-ի առջև դռներ կան, որոնք փակ են, քանի դեռ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում