Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Սիսական ջոկատի հրամանատարի հայրական տանը գողության դեպքով
«Սիսական ջոկատ»-ը հայտարարել է, որ անհայտ անձինք մարտի 8-ին մուտք են գործել հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տուն և գողություն կատարել:
«Արմենպրես»-ը ոստիկանությունից պարզեց, որ Սիսիանի ոստիկանության բաժանմունքում՝ մարտի 8-ին ժամը 18:40-ին ահազանգ է ստացվել Սիսիանի բնակարաններից մեկում գողություն կատարելու դեպքի առթիվ: «Մենք ահազանգ ենք ստացել, որ փետրվարից մինչև մարտի 8-ը ժամը 18:40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Լծեն բնակավայրում գտնվող տուն, խառնել են իրերը, առարկաներն ու հեռացել»,- նշեցին ոստիկանությունից:
Աշոտ Մինասյանի մարտական ընկերոջ որդի, «Սիսական ջոկատ» «Ֆեյսբուք»-ի էջի պատասխանատու Աղվան Պապյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում ստացված ահազանգը և ջոկատի հրամանատարի հայրական տան գողության դեպքերը նույնն են: «Ֆեյսբուք»-ի «Սիսական ջոկատ» էջում գրել են, որ բնակարան մուտք գործող անձինք ջարդել են ամեն ինչ և տարել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստացած ռազմական շքանշանները, ինչպես նաև Աշոտ Մինասյանի զոհված եղբոր՝ Աղվան Մինասյանի շքանշանները:
Այս պահին նախապատրաստվում են նյութեր, պարզվում են մանրամասները:
Կարծիքներ