Դավիթ Բեկում ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Սյունիքի մարզ այցի շրջանակներում այցելել են Դավիթ Բեկ գյուղ: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ Բեկ և Կաղնուտ համայնքների գյուղապետերի հետ:
Քննարկվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:
Մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ դրանք մշակելու հնարավորությունից, քանի որ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին, կան մասնավոր հողատարածքներ, որոնք, չնայած կադաստրային օրինական վկայականների, ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել:
Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են ստացել:
Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:
Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի քանի անձինք:
Կարծիքներ