Բելառուսում կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայագիր տրամադրել
Բելառուսի իշխանությունները կսկսեն պատվաստման մասին վկայագիր տրամադրել քաղաքացիներին, որոնք ներարկում են ստացել կորոնավիրուսի դեմ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել «Քովիդ-19»-ի դեմ դեղամիջոց ստացած քաղաքացիներին պատվաստման մասին հավաստագիր տրամադրել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից պարզաբանել են, որ փաստաթուղթը տրամադրվելու է քաղաքացու ցանկությամբ, որը երկրից դուրս գալու մտադրություն ունի: Գերատեսչությունից պարզաբանել են, որ նման փաստաթուղթ գուցե անհրաժեշտ լինի արտասահման մեկնելիս:
Փաստաթղթում նշվելու է երկու փուլով արված պատվաստումների մասին տեղեկությունը, քաղաքացու անունն ու ծննդյան ամսաթիվը, պատվաստում իրականացրած բուժհաստատության անունը, կիրառված պատվաստանյութի անվանումը: Այն լրացվելու է ռուսերենով և անգլերենով:
Բելառուսում պատվաստման արշավը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: Երկրում կիրառվում է ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցը: Բելառուսը ստացել է նաև չինական Sinopharm ընկերության պատվաստանյութը:
Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 350 հազարը, մահացածներինը՝ 2500-ը:
Կարծիքներ