Արցախում բժիշկ է կալանավորվել․ ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 30.09.2021թ. դատախազությունում հարուցված քրեական գործով ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ու առողջապահության նախարարության միջև ցուցաբերված սերտ համագործակցությամբ և ԱՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խմբի կողմից ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքներով հավաքագրված ապացույցները քրեական հետապնդման մարմնին թույլ են տվել եզրահանգելու, որ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժ-պրոկտոլոգ Կարեն Տերտերյանը 2021թ. օգոստոս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով, շահադիտական շարժառիթով գումար հափշտակելու նպատակով՝
— Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ.Հ-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ ոմն Կորյունի գումար տալու համար Ժ.Հ-ից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,
-Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի տեղահանված բնակչուհի Ռ.Թ-ին և Հադրութ քաղաքի տեղահանված բնակչուհի Մ.Ս-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջիններից ստացել ու հափշտակել է, համապատասխանաբար, 360.000 և 350.000 դրամ գումար,
-պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ա-ին ցուցված բժշկական միջամտությունը խաբեությամբ վճարովի ներկայացնելու և ստացված գումարը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուծելու սուտ հայտարարությամբ նրանից ստացել ու հափշտակել է 70.000 դրամ գումար:
Նկարագրված արարքները կատարելու համար Կ. Տերտերյանը ԱՀ քննչական կոմիտեի քննիչի 12.12.2021թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն) և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-328-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանին միջնորդություն հարուցելու մասին, որն ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.12.2021թ. որոշմամբ բավարարվել և մեղադրյալը կալանավորվել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների, նախաձեռնված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց նախաձեռնությամբ ներկայացված տեղեկություններով ի հայտ են բերվել և շարունակվում են բացահայտվել Կ. Տերտերյանի կողմից կատարված՝ նույնաբնույթ այլ արարքներ: Հետևաբար, իրազեկում ենք, որ եթե դուք նույնպես տուժել եք Կ. Տերտերյանի գործողությունների հետևանքով, ապա համապատասխան հայտարարությամբ կարող եք դիմել ԱՀ քննչական կոմիտե կամ դատախազություն:
Կարծիքներ