Lancet-ը դիմել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի ստեղծողներին

Lancet-ը դիմել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի ստեղծողներին

Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել է պատասխանել գործընկերների հարցերին, որոնք կասկածում են ռուսաստանցի գիտնականների եզրակացություններին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հրատարակության ներկայացուցիչը:

Սեպտեմբերի սկզբին Lancet-ը տպագրել էր COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկու փուլերի արդյունքները: Դրանից շատ չանցած, աշխարհի տարբեր երկրների մի քանի գիտնականներ Cattivi Scienziati իտալական կայքում, որը մասնագիտանում է կեղծ գիտական հետազոտությունները մերկացնելու բնագավառում, հրապարակել են բաց նամակ, որում կասկած են հայտնել ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ:

«Lancet-ը ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել է պատասխանել այն հարցերին, որոնք պարունակում է Էնրիկո Բուչիի (ամերիկյան Temple University համալսարանի գիտնական, որը նամակն ստորագրողներից մեկն է) բաց նամակը: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրադրությանը»,-հայտարարել է Lancet-ի ներկայացուցիչը:

Ռուսաստանի առողջապահությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: ՌՈւՆՀ-ն հայտնել է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնց «Սպուտնիկ V» են պատվաստել, 1,4-1,5 անգամ գերազանցել է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով: Համեմատության համար նշենք, որ AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ պատվաստում ստացած կամավորների եւ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածների մոտ եղել է հակամարմինների մոտավորապես հավասար մակարդակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում