Դուարտե Պաչեկոն Ալեն Սիմոնյանին առաջարկել է Հայաստանում երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել
![Դուարտե Պաչեկոն Ալեն Սիմոնյանին առաջարկել է Հայաստանում երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել](https://freenews.am/uploads/images/image_750x_61a48bb9c9c91.jpg)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին:
«Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Պաչեկոյին Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում կանայք կազմում են պատգամավորների ընդհանուր թվի 34 տոկոսը: Միջխորհրդարանական միության նախագահը բարձր է գնահատել խորհրդարանում կանանց ներկայացվածությունը, որը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Նա կարեւորել է նաեւ երիտասարդների ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական ներկայացվածությունը Հայաստանում առկա գործընթացներին:
Միջխորհրդարանական միության նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել Հայաստանում, ինչն արժանացել է Ալեն Սիմոնյանի հավանությանը:
Նշվում է, որ երկուստեք արձանագրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությունը Միջխորհրդարանական միության աշխատանքներին:
Կարծիքներ