Մեկ տարվա դադարից հետո հայ մարմնամարզուհիները մասնակցել են միջազգային մրցաշարի
Փետրվարի 19-21-ը տեղի է ունեցել գեղարվեստական մարմնամարզության Մոսկվայի Գրան-պրին, որին մասնակցել է շուրջ 20 երկրի ներկայացուցիչ: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են Սիլվա Սարգսյանը, Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը:
Մեծահասակների բազմամարտում 23 մարմնամարզուհիների պայքարում Սիլվա Սարգսյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը (73.20 միավոր): Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը մասնակցել են կրտսեր տարիքի մարմնամարզուհիների մրցաշարին: Բազմամարտում 15 մասնակիցների պայքարում Միլենան 72.20 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Անժելիկան գրանցել է 11-րդ արդյունքը՝ 63.05 միավոր:
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն աղջիկների ելույթներից գոհ է. «Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աղջիկները մեկ տարի որևէ մրցաշարի չէին մասնակցել և կանոնավոր չէին մարզվել, ելույթները լավ եմ գնահատում: Մրցաշարին պետք է մասնակցեր Յուլյա Վոդոպյանովան, սակայն նա մի քանի օր առաջ մեջքի վնասվածք ստացավ, և փոխարենը ելույթ ունեցավ Սիլվա Սարգսյանը: Վերջինս երկու մարզագործիքով՝ ժապավենով և օղակով, շատ լավ հանդես եկավ, իսկ մյուս վարժություններում կային թերություններ: Միլենան և Անժելիկան ևս լավ ելույթներ ունեցան: Վերջին անգամ անցյալ տարի կրկին այս մրցաշարին էինք մասնակցել»:
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Մոսկվայի Գրան-պրին լավ առիթ էր հնարավորությունները գնահատելու և առաջիկա Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին պատրաստվելու համար. «Առաջիկայում նախանշված են Աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլերը, որոնք վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար: Դրանցից մեկը տեղի է ունենալու Բաքվում, և մենք չենք մասնակցելու: Առաջին փուլը մարտի 26-28-ը կլինի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հույս ունեմ՝ Յուլյա Վոդոպյանովան կհասցնի ապաքինվել: Մեր մարզումները չենք դադարեցնի, սակայն չի բացառվում՝ մրցաշարերը կրկին չեղարկվեն, քանի որ տղաների մրցումներն արդեն իսկ չեղարկվել են»:
Կարծիքներ