Հայաստանում թթվային թունավոր անձրևներ չեն արձանագրվել. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումների կապակցությամբ, կապված «թթվային թունավոր անձրևների հետ», հայտնում ենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։ Մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
«Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիսարևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12-20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավարևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։
Հավելենք նաև, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում, և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։
Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրությունում։


Կարծիքներ