Շոլցը հանդես է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի միանալու օգտին

Շոլցը հանդես է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի միանալու օգտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի միանալու օգտին։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Կարևոր է նաև ընդլայնել Շենգենյան գոտին: Ես լիովին աջակցում եմ, որ Բուլղարիան և Ռումինիան դառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ», - ասել է Շոլցը: Գերմանիան, նրա խոսքով, կշարունակի աշխատել ԵՄ գործընկերների հետ, որպեսզի մոտ ապագայում այդ քայլերն իրականացվեն։

2022 թվականի նոյեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց Շենգենյան գոտուն միանալու Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի պատրաստակամության մասին և առաջարկեց, որ ԵՄ խորհրդին (Եվրամիության օրենսդիր մարմինը, որը համակարգում է Շենգենյան խմբի երկրների գործունեությունը) հաստատի այս որոշումը։

Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում Շենգենյան գոտուն միանալու Բուլղարիայի և Ռումինիայի դիմումները մերժվեցին Ավստրիայի և Նիդեռլանդների քվեարկությամբ։ Միաժամանակ ԵՄ երկրները հավանություն են տվել Խորվաթիայի միանալուն Շենգենյան գոտուն։ Այժմ այն ​​ներառում է 27 երկիր, որոնցից 23-ը Եվրամիության անդամ են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում