Այնթապում այրվել են բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կետեր, 2 ավտոմեքենա. մեկ մարդ այրվածքներ է ստացել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների յոթ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Արտաշատ խճուղու թիվ 51/1 հասցեում գտնվող բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կայանում, հեղուկ գազի լիցքավորման կետից առկա է վառելիքի արտահոսք․ կա տուժած։
«Դեպքի վայրում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Վ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները դադարեցրել են հեղուկ գազի լիցքավորման կետի արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 15։41-ին։ Այրվել են բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կետերը, «Renault Megane» մակնիշի 2 ավտոմեքենա և կից վագոն-տնակը՝ մոտ 15 քմ։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան սուպերմարկետի պահեստային հատված (մոտ 600 քմ) և հարակից շինություններ։
Կարծիքներ