Չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել ԼՂ պետական կառույցները. Բաքուն նորից պահանջներ է ներկայացրել Երևանին
Չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել ԼՂ պետական կառույցները: Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջը ներկայացնելով պաշտոնական Երևանին:
«Հայաստանից պահանջում ենք դադարեցնել մեծացնել ռազմական ներուժը, ձեռնպահ մնալ ռևանշիստական ծրագրերից, չխախտել և կասկածի տակ չդնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դադարեցնել անջատողականության և ահաբեկչության հովանավորումը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում։
Պահանջում ենք նաև անհապաղ դուրս բերել հայ զինվորականներին, լուծարել Հայաստանին ենթակա ռեժիմի ռազմական և այսպես կոչված «կառավարական» կառույցները, զինաթափել Ադրբեջանի տարածքում անօրինական կերպով տեղակայված հայկական բոլոր զինված ուժերին: Այդ դեպքում ապօրինի ռեժիմի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» նկատմամբ կարող է կիրառվել համաներում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդագրությունում անդրադարձ կա նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած լսումներին, որը ադրբեջանցի պաշտոնյաները «բեմադրություն» են որակել։
Բաքուն մեկ անգամ ևս բացահայտ ստելով հայտարարել է, որ շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և դա ապացուցել է «միջնորդությունն առաջարկած բոլոր կողմերի հետ անկեղծ գործունեությամբ»։
Շարունակելով իրականության հետ որևէ աղերս չունեցող ձևակերպումների շարքը, նշվել է, թե «հայկական կողմը բոլոր դեպքերում, առանց բացառության, տարբեր պատրվակներով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Դրա միակ պատճառը իրավիճակը ձգձգելու, լարվածությունն ուժեղացնելու եւ արդյունքում կարգավորման գործընթացը խափանելու ձգտումն էր»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարծիքներ